AM
15 Դեկտեմբեր 2022 - 10:01 AMT

Վարչապետ. Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել առնվազն 33 գերու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին, նշել է նաև, որ Ադրբեջանում առնվազն 33 գերի, պատանդ կամ այլ պահվող անձ կա, որոնց Բաքուն հրաժարվում է վերադարձնել։

Նա նշել է, որ դրանով Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում:

Նա նշել է` միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է եռակողմ հայտարարության դրույթները և նպատակ ունի ԼՂ-ի բնակչությանը ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկել։

Փաշինյանը հավելել է, որ այդ գործին պետք է լծվեն բոլորը, ոչ միայն դիվանագիտական ծառայությունը և պետպաշտոնյաները, այլ նաև խորհրդարանական դիվանագիտությունը, ընդդիմությունը, ՀԿ-ները, անհատները սոցցանցերում, սփյուռքը։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։