AM
16 December 2022 - 09:27 AMT

ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին կոչ է արել պարտադրել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին կոչ է արել պարտադրել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին: Քրիստինե Գրիգորյանը նրանց իրավունքների պաշտպանության և օր առաջ հայրենադարձնելու հարցը պարբերաբար բարձրացնում է թե միջազգային գործընկերների, թե Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումներում և քննարկումներում, տեղեկացնում է Արմենպրեսը:

«Միջազգային գործընկերներին կոչ է արվում գործի դնել անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը ապահովելու նրանց կյանքի, խոշտանգումների բացարձակ արգելքի իրավունքը՝ պարտադրելով Ադրբեջանին հարգել մարդու միջազգային իրավունքի և հումանիտար իրավունքի նորմերը և վերադարձնել վերջիններիս հայրենիք: Բացի այդ, Պաշտպանը պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ է ունենում Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց հարազատների հետ՝ վերջիններիս իրավունքների իրացման, սոցիալական աջակցության տրամադրման և այլ հարցերի վերաբերյալ»,- ասել է Գրիգորյանը:

Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, դեռևս պահում է առնվազն 33 անձի (Ադրբեջանն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը):