Քաղաքական խորհրդակցությունների նպատակով Երևան է ժամանել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման գծով տեղակալ Չարլզ Ֆրայսը, հայտնում է Հայաստանում ԵՄ գրասենյակը։
Նախատեսված են հանդիպումներ ՀՀ կառավարության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։
«Մեր հայ գործընկերների հետ նպատակ ունենք քննարկելու EUMCAP-ի (Եվրամության մոնիտորինգի ներուժը Հայաստանում) առաքելության ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը կանդրադառնան նաև ԵՄ–ի` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիության դիտորդները կավարտեն առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 19-ին՝ նրանց մանդատը չի երկարաձգվի։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է․ «Մենք պայմանավորվել ենք դադարեցնել առաքելությունը և թիմ ուղարկել՝ ԵՄ-ի ապագա հնարավոր ներգրավվածությունը ուսումնասիրելու համար»։
Եվրոպական խորհուրդը հոկտեմբերին որոշում էր կայացրել մինչեւ 40 ԵՄ դիտարկման փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու եւ զեկուցելու նպատակով։






