AM
16 Դեկտեմբեր 2022 - 14:43 AMT

ԱԽ քարտուղարը Շվեդիայում ներկայացրել է Լաչինի փակման արդյունքում ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը

Շվեդիա աշխատանքային այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հանդիպումներում զրուցակցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման արդյունքում ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը:

Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ:

ԱԽ քարտուղարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Բիլստրյոմն իր հերթին ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն ինչպես ԵԱՀԿ շրջանակում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։