AM
20 December 2022 - 10:10 AMT

Մաքրուհիները Երևանում աղբի միջից 12.5 կգ ոսկու ձուլակտորներ են գտել և թաքցրել

Քննչական կոմիտեի Երևանի վարչության Արաբկիր վարչշրջանի քննչական բաժնում միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են մեծաքանակ՝ ընդհանուր 12.5 կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։ Նախաձեռնված քրվարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մասնավորապես, Երևանի 2 բնակչուհի վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում 6 կգ 860 գ քաշով, մյուս դեպքում՝ 5 կգ 652 գ քաշով ամբողջական և մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ, հայտնում է ՔԿ-ն։

Քննության տվյալներով՝ նշված կանայք, որպես մաքրուհի, հրավիրված են եղել աշխատելու Երևանի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որն այդ պահին բնակեցված չէր:

2022թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանք երկուսով մաքրություն են կատարել նշված հասցեում։ Աշխատանքները կատարելուց հետո իրենց հետ վերցրել են նշված բնակարանից հավաքված աղբը, որպեսզի նետեն աղբամանը: Նկատելով, որ աղբը սովորականից ծանր է, հետաքրքրությունից դրդված՝ բացել են այն և տեսել թղթով փաթաթված բազմաթիվ ոսկեգույն մետաղներ։ Համոզված լինելով, որ դրանք ոսկի են, հավասար բաժանել են միմյանց միջև, ապա կանանցից մեկն իր մասնաբաժինը թաքցրել է Կոտայքի մարզի Պռոշյան Երկաթգծի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, իսկ մյուսը՝ նույն մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցում գտնվող տանը:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված անձինք ինքնակամ ներկայացրել են վերոնշյալ հասցեներում թաքցրած իրենց մասնաբաժինները:

Նշանակվել է դատանյութագիտական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Կատարվել են խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանությանը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, այդ թվում հայտնաբերված մոտ 12․5կգ ընդհանուր քաշով ոսկու ձեռքբերման աղբյուրները բացահայտելու, օրինականությունը պարզելու և առնչություն ունեցած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: