AM
21 Դեկտեմբեր 2022 - 07:47 AMT

Միրզոյան․ՄԱԿ ԱԽ քննարկումը վկայում է Լաչինի միջանցքի անհապաղ բացման շուրջ միանշանակ կոնսենսուսի մասին

ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի բացման շուրջ քննարկումներին ՄԱԿ ԱԽ նիստում, նշել է, որ ելույթները վկայում են Լաչինի միջանցքի անհապաղ բացման շուրջ միանշանակ կոնսենսուսի մասին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած քննարկումը հստակ վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային միանշանակ կոնսենսուսի մասին»,-ասվում է գրառման մեջ։

Նա հավելել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։