AM
21 Դեկտեմբեր 2022 - 09:04 AMT

Թափառող շների վրա կրակող անձինք են հայտնաբերվել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.55-ին, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություն են ստացել, որ ինչ-որ մարդիկ «Օպելով» շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ, հայտնում է ոստիկանությունը:

Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22։30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և կանգնեցրել են հիշյալ «Օպելը», որի մեջ եղել է երեք տղամարդ: Մեքենայում՝ տեսանելի տեղում, եղել է որսորդական հրացան: Տղամարդկանցից մեկը հայտնել է, զենքն իրենն է, ունի այն կրելու և պահելու իրավունք: Նաև հայտնել է, որ շանը կրակել է ինքը:

Տղամարդիկ ձերբակալվել և տարվել են ոստիկանության Անիի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին: