AM
22 December 2022 - 09:29 AMT

Արոնյան․ Երբ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, ԼՂ-ում 120,000 հայ արդեն 10 օր շրջափակման մեջ է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեսյբուքյան իր էջում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Արցախում ստեղծված իրավիճակին, կոչ է արել բոլոր նրանց, ովքեր կարող են, օգնել իր հայրենիքին։

«Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120,000 հայ արդեն 10 օր շրջափակման մեջ է։ Նրանք կանգնած են էկզիստենցիալ սպառնալիքի առջև Ադրբեջանի կողմից, որը տարբեր ապօրինի մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Հայաստանն ավերիչ կորուստներ է կրել 2020-ի 44-օրյա պատերազմում։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրում նշված էր, որ ճանապարհը բաց է մնալու և ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց հիմա ռուսական խաղաղապահ ուժերին ծաղրում է ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստը», որը փակում է ճանապարհը տարբեր կեղծ պատճառաբանություններով։

Մինչ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է՝ երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցներում սպառվում են պաշարները, իսկ սննդի պակասն անխուսափելի է։

Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել իմ հայրենիքին, տարածելով ուղերձը և գտնելով՝ օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող մարդկանց»,- ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։