ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով հայտարարություններին, թե ՌԴ-ն ստիպում է ՀՀ-ին Միութենական պետության անդամ դառնալ, ասել է, որ դեռ 90–ականներին կար Միութենական պետություն ստեղծելու ծրագիր, հիմա էլ նման գաղափար կա։
Հարցին` ստիպում է արդյոք Ռուսաստանը Հայաստանին միութենական պետության մեջ մտնել, Քոչարյանն ասել է, որ չի կարող նման բան ասել, բայց նպատակների մեջ տեսանելի են նման ցանկություններ, գրում է Sputnik Արմենիան։l
«Դեռ 90–ականներին ստորագրություններ էին հավաքում, կոորդինացիոն խումբ էր ստեղծված , Հայաստան–Ռուսաստան, Բելառուս միության մասին էր խոսքը գնում։ Այդ գաղափարը շարունակական եկել հասել է մեր օրեր։ Ռուսաստանը Բելառուսի հետ միութենական պետություն ստեղծելու ճանապարհին կցանկանա հնարավորինս շատ մասնակիցներ տեսնել այդ միության մեջ»,–ասել է Քոչարյանը։
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է անվանել։






