Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը:
Վարչապետն անդրադարձել է այն քննադատությանը, թե արդյոք այս մրցանակաբաշխությունը «Մեր ժամանակների հերոսը» անվանելը նպատակ չունի՞ կամ գուցե ինքնաբերաբար չի՞ նսեմացնում իրական հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայրենիքին և ովքեր կանգնած են Հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:
«Հակառակը, իմ կարծիքով, այս մրցանակաբաշխությունը և հարցի այսպիսի դիտանկյունը տրամաբանական շարունակությունն է հերոսության այն բանաձևի, որը մենք միշտ նկատի ենք ունեցել և շարունակում ենք նկատի ունենալ. այս մրցանակաբաշխությունը լրացնում է, որովհետև զինվորի և առաջնագծի հերոսությունն ի վերջո իր տրամաբանական արդյունքին չի հանգում առանց թիկունքի հերոսության, որովհետև չկա զինվոր՝ առանց ամուր թիկունքի: Մենք այսօր ուզում ենք հենց այս հանգամանքը նշել։
Մենք սրանով արձանագրում ենք մեր վճռականությունը, մեր կամքը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ուժեղացնելու, որովհետև ՀՀ-ն այն առանցքն է, որի շուրջ կառուցում ենք մեր ռազմավարությունները, մեր մարտավարությունները, և որը հնարավորություն է ստեղծում ավելի կամ պակաս այդ ռազմավարություններն ու մարտավարություններն իրականացնել:
Այսօրվա պայմաններում, երբ մենք Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի խնդիր ունենք, այս պարագայում առավել պատեհ եմ համարում այս մրցանակաբաշխության իրագործումը: 2022-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աննախադեպ ծավալների՝ շուրջ 164 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղին: Ավելին՝ վաղվա որոշումով արդեն կլինի 168 մլրդ: Այդ գումարն ամենևին կառավարության անդամները չեն ստեղծել: Այդ գումարն ստեղծել են հազարավոր այն մարդիկ, որոնք տնտեսվարում են, ստեղծում են, արարում են և այսօր նրանցից ընդամենը մի քանիսին՝ 13-ին մենք մրցանակ կհանձնենք, բայց այս մրցանակը Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող, աշխատող, արարող և ազնիվ հարկ վճարող յուրաքանչյուր քաղաքացունն է, յուրաքանչյուր տնտեսվարողինը, յուրաքանչյուր կազմակերպությանը»,-ասել է նա։
Գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը:
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հիմնվել է 2018-ին և առաջին անգամ շնորհվել 2019 թվականին: վերջին անգամ այս մրցանակաբաշխությունն անցկացրել ենք 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ պատերազմից անմիջապես առաջ: