Ներքին գործերի նախարարն ու փոխնախարարները կնշանակվեն հաջորդ շաբաթ։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նավելել է, որ դե յուրե նախարարությունն արդեն ստեղծվել է, հիմա ընթանում են դե ֆակտո կազմավորման աշխատանքները։
Գործադիրի որոշմամբ ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունն անցնում են Ներքին գործերի նախարարության ենթակայությանը։
Ոստիկանապետն ու ԱԻՆ Փրկարար ծառայության պետը լինելու են ՆԳ նախարարի տեղակալները, ևս 2 տեղակալ քաղաքացիական անձինք կլինեն, որոնք զբաղվելու են ոստիկանության և ՆԳՆ ռազմավարությունների մշակմամբ։
Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ մինչ ՆԳՆ վերջնական ձևավորումը, ԱԻՆ–ը 4 ամիս կշարունակի գործել որպես առանձին նախարարություն` արտակարգ իրավիճակներից խուսափելու համար։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փաշինյանը նորաստեղծ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում տեսնում է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին։ Այդ մասին նա ասել է նախարարությունում՝ ներկայացնելով աշխատակազմին արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին:
Ներքին գործերի նախարարությունը լուծարվել էր 2002-ին, որից առանձնացվել էր ոստիկանությունը: