AM
9 January 2023 - 08:43 AMT

ԱԺԲ-ն փորձել է շրջափակել Գյումրու ռուսական ռազմաբազան․ Տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել

Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները հունվարի 8-ին «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք էին նախաձեռնել Գյումրիում, որի նպատակն էր, շրջափակելով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի ապահովում ռուս խաղաղապահների կողմից։

Սակայան մայրաքաղաքից բազմաթիվ ոստիկաններ էին բերվել Գյումրի, որոնք թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին մոտենալ ռազմաբազայի փողոցին, գրում է «Ազատությունը»։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, «ռուսական օկուպացիային» ոչ ասի:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ակցիան օրինական չէ, և երբ այն շարունակվել է, մի քանի տասնյակ հոգի բերման է ենթարկվել Մայր Հայաստան հուշահամալիրի մոտից:

ԱԺԲ Խորհրդի անդամ Արա Պապյանը հավաքի ժամանակ ասել է․ «Մենք այստեղ ենք մեր միասնական պահանջը ներկայացնելու՝ որ ՌԴ-ն ի դեմս իր բանակի կատարի իր պարտավորությունները։ Մենք պահանջում ենք, որ կողմերը փոխադարձաբար կատարեն իրենց պարտավորությունները։ Եթե ՀՀ-ն հոգում է ռուսական ռազմակայանի ներկայության ծախսերը և տուժում նույն դաշինքում լինելուց, ապա փոխարենը պահանջում ենք գործողություններ իրականացնել Բերձորի միջանցքը բացելու համար։ Եթե Ռուսաստանը չի կարող կամ չի ուզում ապահովել ապաշրջափակումը, ապա թող ուղիղ ասի այդ մասին, մենք էլ իմանանք մեր անելիքը», գրում է «Նովոստի-Արմենիան»։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։