Եղանակի պարզեցման հետևանքով հունվարի լույս 10-ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, ինչպես և կանխատեսվել էր, հունվարի լույս 9-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։
Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22 սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15 սմ, հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5սմ։
Շիրակում ձյան ծածկը բացակայում է։
Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10%-ը, միայն Մասրիկի հատվածում՝ 40%-ը, որը խիստ ցածր ցուցանիշ է։
Օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով։
Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հանրապետության մյուս շրջաններում՝ այդ թվում նաև Երևանում, մինչև հունվարի 15-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ։