AM
9 January 2023 - 13:17 AMT

«Հայաստան» հիմնադրամի ՀԽ. Ստեփանակերտի օդակայանի գործարկման համար անհապաղ ջանքեր են պետք

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ՝ նշելով, որ անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։

«Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհը, գոյութենական լրջագույն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120,000 հայերի համար։ Սրանով Ադրբեջանն առնվազն բռնի տեղահանության հիմքեր է ստեղծում, դրանով իսկ վարելով էթնիկ զտումների հստակ քաղաքականություն։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մոտ լինել Եվրոպային, սակայն այսօրինակ իր գործողություններով կոպտորեն ոտնահարում և արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժեքները։

Լաչինի միջանցքի երկարատև շրջափակումը հանգեցրել է ահագնացող հումանիտար ճգնաժամի, ինչը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Զգալի է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը։ Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա բաժանվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում երաշխավորել այդ կյանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը։

«Կոչ ենք անում ամբողջ առաջադեմ մարդկությանը և համապատասխան միջազգային կառույցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը՝ կանխարգելելու հնարավոր նոր ցեղասպանությունը, ինչպես նաև պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին անհապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ և երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։

Վերահաստատում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որն ամբողջովին հիմնված է համամարդկային արժեքների ու հումանիտար սկզբունքների վրա», – ասվում է հայտարարությունում»,-ասվում է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։