ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- ասվում է հրամանագրում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ դե յուրե ՆԳ նախարարությունն արդեն ստեղծվել է, հիմա ընթանում են դե ֆակտո կազմավորման աշխատանքները։
Գործադիրի որոշմամբ ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունն անցնում են Ներքին գործերի նախարարության ենթակայությանը։ Ոստիկանապետն ու ԱԻՆ Փրկարար ծառայության պետը լինելու են ՆԳ նախարարի տեղակալները, ևս 2 տեղակալ քաղաքացիական անձինք կլինեն, որոնք զբաղվելու են ոստիկանության և ՆԳՆ ռազմավարությունների մշակմամբ։