AM
12 January 2023 - 11:17 AMT

Մոտ 115 մլն դրամ՝ Լաչինի միջանցքի փակումից հետո ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար

ՀՀ կառավարությունը 114,850,900 դրամ կհատկացնի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացու կեցությունը և սննունդն ապահովելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ արցախցիները հյուրընկալվել են Երևանի և Գորիս համայնքի 17 հյուրանոցում:

96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։