AM
12 Հունվար 2023 - 14:22 AMT

ԱԳՆ․ ՀԱՊԿ քարտուղարության իրավասությունները չեն ներառում Խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է ՀՀ տարածքում զորավարժությունների չեղարկման հարցի առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարության իրավասությունները չեն ներառում Խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։

«Առաջին հերթին կցանկանայինք նշել, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։

ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։

Քարտուղարության խնդիրները հստակորեն սահմանված են Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում: Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն նաև կոչ է արել Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով:

ՀԱՊԿ քարտուղարությունը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Երևանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի գտնում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն այս տարի, հայտնել էր, որ ՀԱՊԿ-ում ըմբռնումով են մոտենում ՀՀ-ում ստեղծված իրավիճակին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 10-ի ասուլիսում, անդրադառնալով ՌԴ ՊՆ-ն այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները 2023-ին կանցկացվեն ՀՀ-ում, հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա, և որ ՊՆ ղեկավարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միավորված շտաբին, որ հայկական կողմը ՀՀ-ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չի համարում, համենայնդեպս` այս տարի։