Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում, 2018 թ. ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով որպես տուժող հարցաքննվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ըստ մեղադրականի, Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Սիմոնյանը նիստում պատմել է, որ փշալարերի վրա սաղավարտ էր, որը փորձում էր վերցնել, ոստիկանը հարվածել է ձեռքին, կարճ ժամանակ անց՝ պայթյուն է եղել, ինքը վնասվածքը ստացել է երկրորդ-երրորդ պայթյունից։ Իր՝ վնասվածք ստանալու վերաբերյալ տեսանյութը ևս կա տարածված, սակայն հնարավոր չէ նույնականացնել, թե կոնկրետ ում նետած նռնակի հետևանքով է վնասվածք ստացել, գրում է «Փաստինֆոն»։
Սիմոնյանը նշել է, որ հավաքի նպատակը խաղաղ ձևով ցուցադրելն էր, որ իրենք համաձայն չեն Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ երկրի ղեկավարության դերի ստանձնմանը, ինքը շարքային մասնակից էր, այդ ժամանակ ավագանու անդամ էր։ Պաշտպանի հարցին ի պատասխան Սիմոնյանը նշել է, որ չի հիշում՝ հավաքն ի սկզբանե որտեղ պետք է լիներ, հավաքին միացել է Բաղրամյան պողոտայում։
Իսկ թե որպես հավաքի մասնակից ինչպե՞ս էր դրսևորում իր անհամաձայնությունը հարցին պատասխանելով՝ Սիմոնյանը նշել է. «Կանգնած էինք, որից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ իր աշխատանքի վայրը, սակայն չէր կարողանում, փշալարեր էին։ Դրանից հետո սկսվեց հրմշտոց։ Ես իր գործի տեղն անելու ոչ մի բան չունեի»։
Ալեն Սիմոնյանի ցուցմունքներում հակասություններ են արձանագրվել, ըստ այդմ, դատարանը հրապարակել է Սիմոնյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Նախաքննական ցուցմունքի հրապարակումից և դրա շուրջ պարզաբանումներից հետո Ալեն Սիմոնյանի հարցաքննությունն ավարտվել է։ Հաջորդ դատական նիստին կշարունակվի տուժողների հարցաքննությունը։
Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ: Տուժող են ճանաչվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։