AM
16 Հունվար 2023 - 12:58 AMT

Ռուստամյան. Արցախի իշխանությունն ունի հստակ լեգիտիմություն, որը գլխավոր առավելությունն է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Արցախի վերջին ներքաղաքական զարգացումներին, ասել է, որ ԱՀ իշխանությունն ունի հստակ լեգիտիմություն, որը գլխավոր առավելությունն է և, որ պետք է տեր կանգնեն այդ լեգիտիմությանը։

«Շատ կարևոր եմ համարում, որ Արցախում հարցի լայն ներքին քննարկումների արդյունքում բոլորը հանգեցին ճիշտ եզրակացության, որ այսօր գերակա խնդիր կա և հանուն դրա բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն»,- ասել է նա ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, գրում է Panorama.am-ը։

Նրա կարծիքով՝ Արցախը միասնականության հարցում միշտ հայերի համար եղել է առաջնորդող, արցախահայությունը միշտ ցույց է տվել միասնական կամքը և այսօր էլ իր այդ առաքելության տերն է:

«Արցախցին այսօր ամենաառաջին գծում պայքարող մեր ժողովուրդն է և իրենք չպետք է թույլ տան որևէ քայլ, որը կարող է այդ միասնականությունը խաթարել»,-հայտարարել է Ռուստամյանը:

Նա ժամանակավրեպ է համարել այս փուլում Արցախում նախագահական ընտրություններ անցկացնելը:

«Չլուծված այս կարևորագույն մարտահրավերի պայմանում, որն Ադրբեջանը մեզ պարտադրում է, մենք չպետք է իրավիճակ լարենք, քանի որ Արցախի իշխանությունն այսօր ունի հստակ լեգիտիմություն, որը գլխավոր առավելությունն է՝ որ ոչ ոք, առնվազը հայակական իրականության մեջ, 2020 թվականի Արցախի ընտրությունները կասկածի տակ չի դրել: Այս իրավիճակում իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ լեգիտիմությանը»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը::

Ռուստամյանի խոսքով՝ Արցախի վերջին ընտրությունների ժամանակ բոլորը գիտեին, որ ձևավորվող իշխանությունը պատմական առաքելություն էր ունենալու:

«Առաջնային ընտրված թե՛ նախագահը, թե՛ ԱԺ-ն պետք է տեր կանգնեն իրենց մանդատներին և լեգիտիմությունը պահպանեն, որովհետև այդ լեգիտիմության շուրջ է, որ նաև պետք է ձևավորվի միասնական մթնոլորտը և այս պայքարն ունենա հստակ առաջնորդ»,-ասել է Ռուստամյանը:

Նա նաև անդրադարձել է այն տեսակետին, որ կա նաև Բաքվի գործոնը, որը բացահայտ, նաև Եվրոպայի խորհրդում, հայտարարում է, որ Ռուբեն Վարդանյանին պետք է դուրս հանել Արցախից։

«Ի՞նչ է նշանակում թույլ տալ Ադրբեջանը որոշի, թե Արցախում ով պետք է ստանձնի այս կամ այն պաշտոնը: Դա նշանակում է, որ մենք կամաց-կամաց զիջելով կկորցնենք ընդհանրապես սուբյեկտայնություն: Արդեն իսկ այդ խնդիրն ունենք: Արցախը պետք է ձևավորված և ընտրություններով ամրագրված որպես սուբյեկտ դրսևորվի»,-ասել է նա:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին հրաժարական տալ, ինչին կհաջորդեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարական չի պատրաստվում ներկայացնել։

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը»,-գրել էր նա։