AM
18 Հունվար 2023 - 08:55 AMT

Միրզոյան․ ԵԱՀԿ ՄԽ-ն դեռ պատասխանատվություն ունի՝ ԼՂ խնդրի քաղկարգավորումը դեռևս չի կայացել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր հանդիսանալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության համար: Նրա արձանագրմամբ` այս փաստը հաստատում է Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը:

Նա հայտարարել է, որ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել:

«Հասկանալի է, որ ներկայումս ԵԱՀԿ-ն լավագույն օրերը չի ապրում, և իրավիճակը Հարավային Կովկասում միակ ճգնաժամը չէ, որին բախվում է Կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա մարմինների պատշաճ ուշադրության առարկա։ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահության հետ միասին ի սկզբանե ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մեջ։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել», – ասել է Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու գործում:

Հայաստանը, նրա խոսքերով, խիստ մտահոգված է նաև 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության վիճակով: Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, որի շուրջ քննարկումները շարունակվում են 2020թ. նոյեմբերից, դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:

Միրզոյանն անդրադարձել է նաև հայ ռազմագերիների խնդրին, որոնց Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել։

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին, և այլ պահվող անձանց՝ խախտելով Ժնևի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Եռակողմ հայտարարությունը և միջազգային հանրության մշտական կոչերը: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռեւս պատանդ է պահվում 33 մարդ: Ես պետք է ընդգծեմ նաև երկու տասնյակ փաստագրված բռնի անհետացման դեպքերը․ մենք տիրապետում ենք հայ ռազմագերիների գերեվարման անվիճելի, արձանագրված փաստերին, սակայն Ադրբեջանը մերժում է նրանց գերեվարումը», – ասել է Արարատ Միրզոյանը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։