AM
26 January 2023 - 08:26 AMT

Եռաբլուրում բռնության ենթարկված զոհվածների ծնողները կրկին ՔԿ մոտ են. Ոստիկանների հետ առերեսում է լինելու

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների` բռնության ենթարկված ծնողները կրկին Քննչական կոմիտեի մոտ ակցիա են անում են։ Հունվարի 26-ին առերեսում է լինելու բռնի ուժ կիրառած ոստիկանների հետ։

«Առերեսումը լինելու է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ»,– լրագրողների հետ զրույցում ասել է ծնողների գործով փաստաբան Վահան Հովհաննիսյանը, գրում է Sputnik Արմենիան։

44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը հայտնել է, որ վերջերս պարզ է դարձել, որ Խուդինյանն է հրաման տվել ծնողներին բերման ենթարկելու։

«Սեպտեմբերի 23-ին անձամբ խոսել եմ իր հետ ու փորձում էի հասկանալ, թե ով է հրաման տվել։ Նա և այն ժամանակ, և այսօր ասում էր, որ ինքը հրաման չի տվել։ Չգիտեմ ինչ տարբերակով դարձավ, որ Խուդինյանն է հրաման տվել։ Առերեսման ընթացքում «կարմիր գլխարկները» (կարմիրբերետավորները,– խմբ.) ասել են, որ ինքն է հրաման տվել»,– ասել է Ազատյանը։

Նկատառմանը, որ այդ օրը բացի Խուդինյանից այլ բարձրաստիճան ոստիկաններ են եղել այնտեղ, Ազատյանն ասել է, որ հենց նրանց վրա էլ կասկածում են։ Ծնողների շրջանում կասկածներ կան, որ հրաման տվողը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետն է եղել։

Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանն էլ հայտնել է, որ առերեսման կանչված ծնողների պատմելով` Եռաբլուրից ծնողներին բերման ենթարկելու հրամանը ոստիկանները ստացել են «վայբերով»։

Զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ի երեկոյից Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սեպտեմբերի 21-ին, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։ Այդ դեպքով քրգործ էր հարուցվել։ Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, և այդ օրվանից ի վեր առերեսում եղել է միայն 3-4 ոստիկանի հետ: