Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված բազմաթիվ վարորդներից կաշառք ստանալու դեպքեր՝ ՃՈ 3 տեսուչ ձերբակալվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն երթևեկության կանոնների խախտումներ, իսկ որոշ դեպքերում անգամ կոպիտ խախտումներ թույլ տված՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի կամ վարորդական վկայականի երթևեկող, նույնիսկ վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ վարորդների նկատմամբ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից պահանջել և ստացել են մինչև 10,000 դրամ կաշառք:
Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքը և խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել:
Հունվարի 30-ին ՃՈ տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: