Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու պայմանները կբարելավվեն։ Նախագիծը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստուն։
««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մակարդակով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն կապված են հենց ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորման և նաև պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման հետ։ Այդ մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով, գույքագրվում է ձերբակալվածներին պահելու 33 վայր` հասկանալու համար, թե ինչպիսի շենքային խնդիրներ են առկա, ինչ միջազգային ստանդարտներին պետք է համապատասխանեն այդ վայրերը և ըստ այդմ` կատարվեն որոշակի փոփոխություններ` ապահովելու ձերբակալվածների իրավունքները:
Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բովանդակային որևէ փոփոխություն չի կատարվել:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել է. «Այս նախագծով առաջարկվող փոփոխությամբ Կառավարությանը վերապահվում է իրավունք, որպեսզի իր որոշմամբ սահմանվի ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի շինությունների ձևը, կարգը, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»:
Նախագծին դրական եզրակացություն է տրվել: