Ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը, անդրադառնալով Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, ասել է, որ ապահովագրական վճարի չափը նոր փաստաթղթում հստակեցված չէ։
Նա նշել է, որ դեռևս 2019-ին արվել էին հաշվարկներ, սակայն համավարկն ու պատերազմը ամեն ինչ փոխել են, այնուամենայնիվ, նախնական գնահատականով՝ յուրաքանչյուր քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան պետք է վճարի 150,000-200,000 դրամ, գրում է «Հայկական ժամանակը»։
Խարազյանը հավելել է, որ թիվը վերջնական չէ և հստակեցվելու է յուրաքանչյուր տարի:
«Ընդհանուր առմամբ՝ պետությունը որդեգրել է քաղաքականություն՝ ամբողջությամբ կամ մասնակի սուբսիդավորել այդ վճարները։ Սուբսիդավորման համար մենք պետք է կիրառենք սոցիալական ռիսկերի հավասարակշռման մեխանիզմները, որոնք հիմնված են լինելու քաղաքացու տարիքի, եկամտի չափի վրա։ 2024-ից փորձնական փուլի առաջին տարվա ընթացքում մինչև 18 տարեկանների ապահովագրման վճարը ամբողջությամբ նախատեսվում է, որ կփոխհատուցի պետությունը, 2025 թվականից այդ խմբին կմիանան 63 և բարձր տարիքի անձինք։ Եկամտի հետ կապված ռիսկերը հավասարակշռելու համար պետք է դիտարկենք նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Այսինքն, ըստ այդմ, պետությունը կորոշի այն չափը, որքանը որ պետք է սուբսիդավորի»,- ասել է նա։
Խարազյանի խոսքով՝ այս համակարգի հիմնական նպատակը բնակչությանը հնարավորություն տալն է օգտվել առողջապահության որոշակի ծառայություններից։ Ըստ նրա՝ մեր երկրում նման համակարգի ներդրումը շատ կարևոր է, որովհետև տարբեր սոցիալական խմբերում ներառված մարդիկ երբեմն հնարավորություն չեն ունենում, կամ էլ եղած հնարավորությունը փոքր է օգտվելու առողջապահական ծառայություններից:
Խարազյանը կարևորել է, որ ծառայությունները ընտրվել են այնպես, որ մարդիկ ֆինանսապես պաշտպանված լինեն։ Փորձ է արվում նաև վերականգնել բնակչության շրջանում բժշկին այցելելու մշակույթը, քանի որ ինքնաբուժությամբ զբաղվողների տոկոսը ցույց է տալիս, որ մարդիկ չեն այցելում առողջապահական որևէ օղակ։
2023-ից Հայաստանում ներդրվում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Սկզբում այն կգործի նախապատրաստական փուլով, հաջորդ երեք տարիներին՝ 2024-2026 թվականներին, կլինի փորձարկման փուլը, իսկ արդեն չորրորդ տարվանից՝ 2027-ից, կներդրվի ամբողջությամբ։