AM
8 February 2023 - 11:15 AMT

Չարչյանին անձեռնմխելիությունից զրկել են ուզում «Հաց բերողի» առողջական վիճակի փորձաքննության դրվագով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ–ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագիրը։

Ներկայացված տվյալների համաձայն՝ Չարչյանն ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել քրեական գործի վերաբերյալ, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է «Հաց բերողը» անվամբ) մահը, գրում է Sputnik Արմենիան։

Վարդապետյանի խոսքով` պատգամավորը, որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի պատճառով դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Սարգսյանը կալանքից ազատ էր արձակվել միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որի համաձայն՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի տակ պահելու հետ։ Քննիչն այն ժամանակ նշանակել էր կրկնակի փորձաքննություն, որն իրականացրել է փորձաքննությունների ազգային բյուրոն։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մի խումբ բժիշկներ, այդ թվում` Արմեն Չարչյանը։

Կրկնակի փորձաքննության եզրակացությունից հետո Սարգսյանը կալանավորվել է, քանի որ նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի չի համարվել։ Սակայն, քանի որ Սարգսյանը լրացուցիչ հետազոտություն չի անցել, հանձնաժողովը որոշում է կայացրել առկա փաստաթղթերի հիման վրա։ Արմեն Չարչյանը հատուկ կարծիք է կցել եզրակացությանը՝ ընդգծելով, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, հնարավոր է՝ եզրակացությունն այլ լիներ։

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ։ Նշված դեպքով 2019-ի հունվարի 21-ին նախկին ՔՕ 338-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով հարուցվել է քրեական գործ։ 2019 թվականի հունվարի 23-ին գործերը միացվել են 1 վարույթում»,– ասել է Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի խոսքով` պատգամավորը պետք է հրաժարվեր փորձաքննություն անցկացնելուց, եթե գիտակցում էր կալանավորի ներկայության կարևորությունը կամ կասկածում էր իր փորձագիտական հմտություններին։ Բացի այդ, գլխավոր դատախազը նշեց, որ փորձագիտական հանձնաժողովը հավաքվել է միայն մեկ անգամ, և այդ ժամանակ Չարչյանը ներկա չի եղել, այլ գտնվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Արթուր Սարգսյանը («Հաց բերողը») կալանավորվել էր «Սասնա ծռեր» զինված խմբի գործով. նա սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածք: Նա մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։ Դեկտեմբերի վերջին դատարանը փոխել էր կալանքի որոշումն ու նրան ազատ արձակել։ Մի քանի ամիս անց՝ 2017-ի փետրվարի 9-ին դատարանը կրկին փոխել էր խափանման միջոցն ու երկու ամսով կալանավորել նրան։ Մեկ ամիս անց՝ մարտի 16-ին, Արթուր Սարգսյանը մահացավ կալանավայրում։