Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համատեղ ասուլիսում միակարծիք էին, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ կարող է լուրջ դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։
Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն, ուրախություն հայտնելով, որ Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, նշել է, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում, հայտնում է Արմենպրեսը։
«Իսկապես շատ կարևոր է այս թեման, թե ինչպես Եվրամիությունը կարող է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությանը մինչև հարյուր անձ է մասնակցում, և երկու տարի է նախատեսված այս առաքելությունը իրականացնելու համար։ Եվ այդ հանձնառությունը կրել ենք՝ որպես տարածաշրջանում կայունությանը շահագրգիռ կողմ։ Այս առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։ Սա որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում»,- ընդգծել է Ռադմանը։
Միրզոյանը նշել է, որ Եվրամիությունը, ինչպես և ամբողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման հետագա քննարկման և Լեռնային Ղարաբաղի այժմյան բլոկադայի վերացման հարցում։
«Կրկնում եմ, որ բոլոր հարցերի լուծման ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցությունները, դիվանագիտական ճանապարհը, և այստեղ միջազգային հանրությունը ու մասնավորապես Եվրոպական Միությունը դեր ունեն խաղալու»,- ասել է նա։
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։






