AM
10 February 2023 - 09:09 AMT

Էրեբունու ոստիկանությունում 2 փաստաբանի նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ

2 փաստաբան ահազանգել է, որ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ։ Միջադեպի կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը մամուլի ասուլիս է հրավիրել։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ասել է․ «Մեր գործընկերներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ ենթարկվել են բռնության։ Ոստիկանության Էրեբունի բաժնում վերջիններիս նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ, ըստ էության, խոչընդոտել են իրենց մասնագիտական գործունեությանը», հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ Փաստաբանների պալատը հետևողական է լինելու նմանատիպ բացասական երևույթներին, որոնք իրենց համար անընդունելի են։

Ասուլիսին ներկա Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ այս երևույթն անհանգստացնող է, քանի որ երկար տարիներ նման միջադեպի չեն առնչվել։

«Ոստիկանները բերման են ենթարկել անչափահասների, մեր գործընկերները գնացել են անչափահասի առերեսմանը, որը պետք է առերեսվեր ոստիկանության օպեր աշխատողի հետ։ Ոստիկանության Էրեբունի բաժնում ոստիկանների ներկայությամբ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել փաստաբանների նկատմամբ, փաստաբանին ծաղրել են առերեսման ժամանակ, հետո էլ պրովակացիայի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել են փաստաբանի վրա ու ծեծել են, հայհոյել։ Մյուս փաստաբանը դուրս է եկել ձայների վրա, նրան էլ են սկսել ծեծել, հայհոյել»,- դեպքի մանրամասները ներկայացրել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ Փաստաբանների պալատի նախագահը փետրվարի 9-ին գնացել է դեպքի վայր, տեղում փորձել են արդարանալ, որ փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենց, իրենք իրավունք ունեն պատժել։

«Ընդունեք, որ փաստաբանը վիրավորական խոսք է ասել ոստիկանին, դրա համար կա Փաստաբանների պալատը, եթե հանցագործություն է պարունակում մեր գործընկերոջ արարքը, ի վերջո կա քրեադատավարական ընթացակարգ։ Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել։ Սա անընդունելի արարք է, կոչ եմ անում ներքին գործերի նախարարին, ոստիկանության պետին, արագ միջոցներ ձեռնարկել այն բոլոր ոստիկանների նկատմամբ, որոնք ներգրաված են եղել ծեծելու գործընթացի մեջ, նրանց արաքին պետք է գնահատական տրվի։ Առնվազն նրանց լիազորությունները պետք է կասեցվեն, նրանք չեն կարող ոստիկաններ լինել»,-ասել է Զոհրաբյանը։

Ոստիկանների կողմից բռնության ենթրակված փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի շահերը ներկայացնող Հրանտ Անանյանն ասել է, որ տեղի ունեցած միջադեպը, դրա շարժառիթը փաստաբանների մասնագիտական գործունեությունն է։

Նա նշել է, որ սա ոչ միայն մասնավոր դեպք է, ինստիտուտի դեմ քայլ է, որովհետև մարդկանց ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու կապակցությամբ, որևէ ձևով ծանոթ չեն եղել նրանց, նախկինում առնչություն չեն ունեցել։

Միջադեպի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։