15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։
Վաշտի հրամանատարի նկատմամբ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, քրեական հետապնդում հարուցելու մասին Գլխավոր դատախազությունը հաղորդեց երեկ:
Վաշտի հրամանատարը, ըստ Դատախազության, չի կատարել իր պարտականությունները, չի ապահովել ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտին հակահրդեհային պաշտպանության միջոցներով, ինչի հետևանքով ազգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ։
Հրդեհի գործով ևս երեք մեղադրյալ կա՝ պաշտոնական վարկածով հրդեհի պատճառ դարձած կապիտանն ու հակահրդեհային միջոցների պատասխանատու երկու այլ զինվորականներ։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։
Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։