AM
13 February 2023 - 08:33 AMT

ԵԽ ֆրանսիացի պատգամավորն այցելել է Սյունիք, եղել դեպի Արցախ ճանապարհի սահմանային անցակետում

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում Les Républicains – LR կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամին այցելել է Սյունիք, Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։

Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ղուկասյանից տեղեկացել է մարզում ստեղծված կացության մասին։

Նշվում է, որ Բելամին առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով ու Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այստեղ կատարվողը․ նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։

«Այցելելով սահմանակետ՝ նա արձանագրել է, որ ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ Իսկ Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ամենանվիրական ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայումս առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին»,-ասվում է Սյունիքի մարզպետարանի հաղորդագրության մեջ։

Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ֆրանսուա-Քզավիե Բելամին սրանով ցույց է տալիս, որ իր երկիրը հայ ժողովրդի կողքին է․ «Ու սա հստակ ազդակ է, որովհետեև նա առաջին պաշտոնյան չէ, որ այցելում է Սյունիք․ սրանով Ֆրանսիան հստակ ազդարարում է, որ բոլոր մակարդակներում աջակցում է Հայաստանին»։

Մարզպետը նաև հարցազրույց է տվել պատգամավորին ուղեկցող ֆրանսիական լրատվամիջոցներին։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 8-ին գազի մատակարարումը կրկին դադարեցվել է։