«Համմեր» մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին ասել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Araratnews.am-ը։
«Համմերի» վարորդն Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:
Նա պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետև սկսել անկանոն վարել Հանրապետության հրապարակում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ վարորդը ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ:
Փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, չենթարկվելով պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ: նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենա։ Այնուհետև նա երթևեկել է Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պանաջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։
Մեքենան կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել է հրազեն: