Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ավերիչ երկրաշարժից տուժած երկրին օգնություն տրամադրելու վերաբերյալ քննադատություններին, ասել է, որ Թուրքիա օգնություն ուղարկելը հումանիտար քայլ է, ճիշտ քայլ է, նորմալ քայլ է, և բոլոր պետություններն էլ մեծամասշտաբ, լայնամասշտաբ աղետների ժամանակ պետք է օգնեն միմյանց, հայտնում է «Ազատությունը»։
Քննադատություններ են հնչում, թե ինչու Հայաստանն օգնություն ուղարկեց Թուրքիա այն պարագայում, որ այդ երկիրը 44-օրյա պատերազմի ժամանակ օգնում էր Ադրբեջանին և մինչև օրս փակ է պահում ՀՀ հետ սահմանը։
«Գիտեք, վերջին 100 տարում հայ-թուրքական հարաբերությունները շատ բարդ են եղել և բազմաթիվ խնդիրներով լի։ Բայց, ամեն դեպքում, մենք հիմա գործ ունենք հումանիտար աղետի հետ, և անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, կամ անցյալում ինչպիսի հարաբերություններ են եղել և ինչ իրադարձություններ են եղել, փաստ է, որ մեր պետությունները հարևաններ են և հարևանները պետք է օգնեն միմյանց աղետների ժամանակ», – ընդգծել է Ռուբինյանը։
Հիշեցնելով Իզմիրի 1999-ի երկրաշարժը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն ժամանակ էլ փրկարարական խմբեր էին ուղարկվել Թուրքիա։
«Եթե մենք իրապես ուզում ենք խաղաղություն և կայունություն այս տարածաշրջանում, դա նշանակում է, որ մենք էլ մեր կողմից պետք է քայլեր անենք, բնականաբար, ակնկալելով, որ մյուս կողմերից նույնպես դրական քայլեր կլինեն։ Բայց առաջնայինն այս ամբողջ համատեքստում հումանիտար հարցն է․ եղել է աղետ, ի դեպ, ազգությամբ հայ քաղաքացիներ էլ են ցավոք զոհ գնացել երկրաշարժին՝ և՛ Սիրիայում, և՛ Թուրքիայում», – ասել է Ռուբինյանը։
Անդրադառնալով միջազգային մամուլի հրապարակումներին, թե Հայաստանի օգնությունը կարող է նպաստել երկու երկրի միջև հարաբերությունների բարելավմանը՝ ԱԺ փոխնախագահն այսպես է արձագանքել. «Ես չեմ կարծում, որ այս աղետը կսառեցնի գործընթացը, կարծում եմ գործընթացը կշարունակվի, իսկ կարագանա, թե ոչ, ցույց կտան հետագա իրադարձությունները»։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։






