ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով խորհրդարանի կողմից իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալուն և այդ քննարկումներին չմասնակցելուն, ասել է, որ բոլոր այդ գործերի վաղեմության ժամկետներն անցած են։
«Եթե մենք ստորագրեինք, ապա չէին լինի այդ միջնորդագրերը, բայց մենք հրաժարվել ենք ստորագրելուց, քանի որ գտնում ենք, որ մեղավոր չենք»,- ասել է նա։
Օհանյանն ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ հողատարածքը զորամաս չի եղել, զորամաս ասելով՝ իշխանությունը կրկին փորձում է շեղել հանրությանը, դրանք հին, շահագործումից դուրս գտնվող հողամասեր և ավերված շինություններ են, գրում է «Փաստինֆոն»։
«Բանակի ձևավորման սկզբնական ժամանակահատվածում ցանկացած շինություն օգտագործվել է ժամանակավոր զորանոցների, կացարանների փոխարեն, բայց ԶՈւ-երի զարգացմանը զուգահեռ ստեղծել ենք ավելի լավ շինություններ, մշտական տեղակայման վայրեր և այդ հողակտորները, քանդված շինությունները դուրս են մնացել։ Դրանք եղել են ավելորդ ծախսերի աղբյուր։ Դրանց պահպանման համար ավելի շատ ծախսեր էին իրականացվում, քան՝ դրանց հիմնական գներն էին»,- նշել է Օհանյանը։
Նա հավելել է, որ որևէ շահ որևէ հարցում չի ունեցել։
«Որևէ շրջանակի հետ պայմանավորվածություններ չենք ունեցել»,- նշել է Օհանյանը։
Նա հավելել է, որ չեն մասնակցել քննարկմանը, որովհետև գիտեն, որ այս իշխանությունների օրոք անվտանգային խնդիրները գերակա չեն, այլ՝ իրականացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար։ Բացի այդ, Օհանյանը նշել է, որ չեն մասնակցել քննարկմանը, քանի որ միևնույն է, մեծամասնությունն այն, ինչպես՝ մնացած բոլոր հարցերը դակելու է և իրենք պատասխանատու չեն այսօրվա իշխանությունների, ՔՊ-ական մեծամասնության առջև։
«Մեղադրանքն առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում և մեր անմեղությունն այնտեղ կապացուցենք և կներկայացնենք հանրությանը»,- ասել է Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը զրկվել է անձեռնմխելիությունից: Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։