ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել։ Այդ մասին ասել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Մարտիրոսյանը նաև հայտնել է, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։
Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ, oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
Չարչյանի քրեական վարույթն առնչվում է «Հաց բերողի» Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացությանը։ Կրկնակի փորձաքննության եզրակացությունից հետո Սարգսյանը կալանավորվել է, քանի որ նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի չի համարվել։ Սակայն, քանի որ Սարգսյանը լրացուցիչ հետազոտություն չի անցել, հանձնաժողովը որոշում է կայացրել առկա փաստաթղթերի հիման վրա։ Արմեն Չարչյանը հատուկ կարծիք է կցել եզրակացությանը՝ ընդգծելով, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, հնարավոր է՝ եզրակացությունն այլ լիներ։ Գլխավոր դատախազի խոսքով պատգամավորը պետք է հրաժարվեր փորձաքննություն անցկացնելուց, եթե գիտակցում էր կալանավորի ներկայության կարևորությունը կամ կասկածում էր իր փորձագիտական հմտություններին։
ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով խորհրդարանի կողմից իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալուն և այդ քննարկումներին չմասնակցելուն, ասել է, որ բոլոր այդ գործերի վաղեմության ժամկետներն անցած են։ Օհանյանն ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ հողատարածքը զորամաս չի եղել, զորամաս ասելով՝ իշխանությունը կրկին փորձում է շեղել հանրությանը, դրանք հին, շահագործումից դուրս գտնվող հողամասեր և ավերված շինություններ են:
Ընթերցեք նաև․ Օհանյան․ Զորամասեր չեն եղել, քանդված շինություններ կային