Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանը ՌԴ գործընկերներին ներկայացրել է այն պատճառները, որոնց համար հրավիրել է ԵՄ առաքելությանը։
Նրա խոսքով` ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը փոխկապակցված է 2021-2022 թվականներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետ, գրում է Sputnik Արմենիան։
«Հաշվի առնելով մեր ունեցած փորձը, որ գոյություն ունեցող անվտանգային համակարգերը չեն գործում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանն անվտանգության որոշակի երաշխիքներ ստեղծելու համար»,- ասել է Գրիգորյանը։
Նա նշել է, որ երաշխիքները միշտ չէ, որ ռազմական են, երբեմն դրանք կարող են ապահովել նույնիսկ տնտեսական հարաբերությունները։ Եվ այս առումով քաղաքացիական առաքելությունը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում։
Խոսելով Մոսկվայի բացասական դիրքորոշման մասին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը պարբերաբար քննարկում է Ռուսաստանի հետ բոլոր խնդրահարույց հարցերը։
«Հայաստանը ՌԴ գործընկերների հետ պարբերաբար քննարկում է այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում է հայկական կողմի դիրքորոշումները, թե ինչու են այս կամ այն քայլերը կատարել։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից հարձակում եղավ, տարածքներ օկուպացվեցին, և այդ վտանգը շարունակում է մնալ։ Այդ սպառնալիքը չեզոքացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է որոշակի միջազգային երաշխիքներ ստեղծել, որի ուղղությամբ էլ աշխատում ենք»,–ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵՄ դիտորդների հայտնվելը կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել հարավկովկասյան տարածաշրջան։
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, թե Եվրամիության գործողություններն ուղղված են Ռուսաստանին ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն։
«Կարծում եմ՝ մենք չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով։ Առաքելությունն ինքնին Եվրամիության ընդհանուր քաղաքականության վարողն է անվտանգության և պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե քաղաքացիական, և հնարավոր է, որ այն վերածվի ռազմական բաղադրիչներով ներկայության, նաև գոյություն ունի հնարավորություն, որ այս առաքելությունը կսկսի ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք», – ասել է Բոչարնիկովը։






