Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, հայտնում է Արմենպրեսը։
Առանձնազրույցից հետո սպասվում է ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով:
ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է Արմենպրեսը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։
Այնուհետև Միրզոյանը կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։






