AM
16 February 2023 - 06:36 AMT

ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Գերմանիայից 15 ոստիկան կմասնակցի

Գերմանիայի 15 ոստիկան կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման միջազգային առաքելությանը։ Այս մասին ասել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Հեբենշտրայտը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նշվում է, որ անզեն իրավապահները սահմանին պարեկային ծառայություն կիրականացնեն Հայաստանի կողմից։

«Դաշնային կառավարությունը որոշում է կայացրել, որ Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով Գերմանիան կմասնակցի Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA)»,– հայտարարել է Հեբենշտրայտը։

Նա հստակեցրել է, որ EUMA–ի առաքելությանն ամենաշատը 15 գերմանացի իրավապահ կմասնակցի, իսկ ընդհանուր առմամբ եվրոպական տարբեր երկրներից մասնակից ոստիկանների թիվը կլինի 100։

«Նոր առաքելությունն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ»,– նշել է նա։

EUMA առաքելությունն իր գործունեությունը կսկսի փետվարի 20-ին։ Դրա նպատակն է անզեն պարեկների օգնությամբ հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով։

Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։