Հրդեհից 15 զինծառայողի մահվան գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ իրեն վստահված ստորաբաժանման սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության մասին, պարտավոր լինելով ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը և ենթականերին հանձնումը, իրեն ենթակա ստորաբաժանումում՝ ՀՀ N զորամասի ինժեներական ծառայության ինժեներասակրավորային վաշտում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, պատասխանատու լինելով իրեն ենթակա ստորաբաժանումում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ:
Մասնավորապես, 2023-ի հունվարի 19-ին կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով:
Արդյունքում, կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։
Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։