Ոստիկանության ծառայողների համար առաջարկվում է ատեստավորման նոր համակարգ ներդնել, ինչը թույլ կտա հավելավճարներ հաշվարկել: Ներքին գործերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել։
Շրջանառության մեջ են դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Ատեստավորումն առաջարկվում է սկսել 2023-ի ապրիլից: Ատեստավորման ծրագրի գործողության ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից: Պաշտոնի խմբով պայմանավորված՝ ատեստավորման կարգը և պայմանները կարող են լինել տարբերակված: Ատեստավորման դիմելու համար ծառայության ստաժի սահմանափակում չի նախատեսվելու:
Դիմել կարող են ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից, ինչպես նաև ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ոստիկանական հաստիք զբաղեցնող ծառայողները:
Ատեստավորման ընթացքում ստուգվելու և գնահատվելու են վերոնշված ծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական հմտությունները ու մասնագիտական պիտանելիությունը (համակարգչային թեստավորման միջոցով), ինչպես նաև ֆիզիկական և կրակային պատրաստականության վիճակը (համապատասխան նորմատիվային վարժությունների կատարման միջոցով): Նախքան ատեստավորման անցկացումը ծառայողին տրամադրվելու է այն իրավական ակտերի ցանկը, որից կազմվել են ատեստավորման հարցերը:
Առաջին անգամ ատեստավորում անցնող ծառայողների համար վերապատրաստում անցնելու պահանջ կամ հնարավորություն չի նախատեսվելու, բացառությամբ առանձին դեպքերի: