AM
17 Փետրվար 2023 - 11:35 AMT

Սիմոնյանն ընդունել է Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը:

Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:

«Բարձր ենք գնահատում Վեհաժողովի և ձեր՝ որպես համազեկուցողներ, աշխատանքը և ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց առաջին օրերին հայտարարությամբ եք հանդես եկել»,- նշել է ԱԺ խոսնակը՝ արժևորելով Վեհաժողովի Միգրացիայի հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ զեկույցը:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։