AM
17 Փետրվար 2023 - 13:24 AMT

Մանուկյան․ Անիի կամրջի վերանորոգումը որևէ կապ չունի հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ՝ ծխածածկույթ է

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ծխածածկույթ է, որը հրամցվում է ժողովրդին որպես լուրջ գործընթացներ։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն։ Դեռ 2020 թվականի հունիսի 25-ին հայկական մամուլով եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է»,-ասել է Մանուկյանը, գրում է Aysor.am-ը։

Պատգամավորը հավելել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթաց չկա, թուրքական կողմն աննշան ժեստեր է անում, իսկ հայկական կողմը հրամցնում է դա որպես պատմական փաստեր` խաբելով հասարակությանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա վստահեցրել է, որ թուրքական մամուլը Անիի կամրջի վերանորոգման մասին խոսել է դեռ 2017 թվականից։

«Այդ ժամանակ չկար հայ–թուրքական կարգավորման գործընթաց, չէր եղել 44–օրյա պատերազմը, բայց թուրք նախարարներն ու պատգամավորները արդեն խոսում էին կամրջի վերանորոգման մասին։ 2019 թվականից թուրքական պաշտոնական աղբյուրներում և մամուլում հրապարակվել էին նաև կամրջի էսքիզները»,– ասել է պատգամավորը։

Մանուկյանի հիշեցրել է որ այս գործընթացին նախապես պատրաստվել է նաև հայկական կողմը։

«Երբ հարաբերությունների կարգավորման ու ճանապարհի բացման մասին ոչ մի խոսք չկար, կառավարությունը ավելի քան 2 մլրդ դրամ հատկացրեց դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհների վերանորոգման համար։ Իսկ հիմնավորումների մեջ չկա, թե ինչու է այդքան գումար տրամադրվում չգործող ճանապարհի համար»,– ընդգծել է պատգամավորը։

Պատգամավորը վստահ է, որ Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Ավելին` թուրքական կողմը նախկինի պես նախապայմաններ է առաջ քաշում, իսկ հայկական կողմը դրանք չի նկատում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, կառավարության նիստում ներկայացնելով Թուրքիա այցի արդյունքները, նշել է, որ այդ երկրի իշխանությունների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և հայ–թուրքական սահմանի բացման հարցերը։ «Որոշվել է արագացնել սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։ Հայտարարել էինք, որ համատեղ աշխատանքներ կիրականացվեն Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։ Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար սահմանի հատումը»,-ասել է Միրզոյանը։