AM
17 February 2023 - 14:26 AMT

Վարդենիսի նյարդահոգեբանական ինտերնատում հիվանդին գտել են մարտկոցից մետաղյա շղթայով կապված․ Տնօրենը ձերբակալվել է

Փետրվարի 16-ին Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, հիվանդներից մեկը հայտնաբերվել է ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված: Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն, տեղեկացնում է ոստիկանությունը։

Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը.

Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:

Հանգամանքները պարզվում են: