AM
21 April 2009 - 16:28 AMT

Հայաստանում ուրարտագիտության կենտրոնի ստեղծումը քաղաքական կարեւորություն ունի

«Հայաստանում Ուրարտագիտության կենտրոնի շենքը առաջնային կարեւորության հարց է: Եթե ոչ մենք, ապա մեր հարեւանները` թուրք մասնագետները, որոշ ժամանակ անց կկարողանան աշխարհին ներկայացնել մեր պատմության մի ամբողջ դարաշրջան: Այսօր արդեն Թուրքիայում բավական լրջորեն զբաղվում են ուրարտագիտությամբ»,- հայտնել է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

Փիլիպոսյանի նախաձեռնությամբ «Էրեբունի» թանգարանում Երեւանի պետական համալսարանի եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Հարությունյանի մոտ մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել են ուրարտերենը: Մայիսին կկազմակերպվեն բիոհնագիտության դասընթացներ, որոնք վարելու է պատմական գիտությունների թեկնածու Ռուզաննա Մկրտչյանը: Ծրագրվում են նաեւ հնագիտության դասընթացներ:

Ինչպես վստահեցրել է «Էրեբունի» թանգարանի տնօրենը, ծրագիրը կազմակերպվել է ուրարտագիտության մասնագետների պատրաստման համար, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում Ուրարտագիտության կենտրոնի բացմանը:

«Հայաստանում Ուրարտագիտության կենտրոնի բացման համար մասնագետների եւ նյութի պակաս չկա, պակասը գումարային է: Բայց դեռեւս խորհրդային տարիներին «Էրեբունի» թանգարանի շենքի ճարտարապետ Շմավոն Ազատյանն ավարտեց Ուրարտագիտության կենտրոնի համար շենքի նախագիծը: 1980-ականների վերջին հասցրեցին սկսել շինարարությունը, որը հայտնի պատճառներով դադարեցվեց: Այսօր մենք հապաղելու իրավունք չունենք»,- ընդգծել է Աշոտ Փիլիպոսյանը:

1 մլն դոլարը բավական է 1400 քառ. մետր տարածությամբ երկհարկանի շենքի շինարարության համար: Շենքի հիմքն ամրացվել է «Էրեբունի» թանգարանի հետեւում:

«Հայաստանում Ուրարտագիտության կենտրոնի ստեղծումն ունի ոչ միայն գիտական, այլեւ քաղաքական կարեւորություն, հետեւաբար, հարկավոր է ներգրավել պետական, ինչպես նաեւ մասնավոր միջոցները»,- ամփոփել է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: