Հայ փրկարարները Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի փլատակներից դուրս են բերել զոհերի 20 մարմին, Թուրքիայում նաև` 3 տուժածի: Այդ մասին ասուլիսում հայտնել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, ՓԾ փոխգնդապետ Գարրի Արմաղանյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Սիրիայում Հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերը իրենց հիմնական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են նաև ուսուցողական դաս` «Ինչպես գործել երկրաշարժի դեպքում» թեմայով, հայտնում է «Փաստինֆոն»։
Հայկական թիմերը ՀՀ են վերադարձել փետրվարի 14-ին՝ Սիրիայից՝ օդանավով, Թուրքիայից՝ փետրվարի 17-ին՝ ցամաքային ճանապարհով:
Արմաղանյանը հայտնել է, որ փետրվարի 20-ի ժամը 08։00-ի տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը հասել է մոտ 41,000–ի, իսկ Սիրիայում մոտ 8500–ի։ Վիրավորները Թուրքիայում 110, 000 են, իսկ Սիրիայում 10, 000 մարդ։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ 2 խմբաքանակ ուղարկվել է Թուրքիա, 2-ն էլ՝ Սիրիա։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։