ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը, շեշտել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը:
Դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել նախարարին։
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջ մղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։
Միրզոյանն արժևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված ՀՀ-ում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կառավարության ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:
Հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրած ջանքերը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։






