AM
21 February 2023 - 09:27 AMT

ՄԻՊ-ը խնդիրներ է գրանցել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խնամակալների իրավունքերի պաշտպանությանն առնչվող հարցերին։

Այցի արդյունքներն արտացոլող փաստաթուղթն արձանագրված խնդիրների վերաբերյալ պարզաբանումների պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինողը կուղարկի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ըստ անհրաժեշտության կքննարկվեն արձանագրված խնդիրների լուծման հնարավորություններն ու ուղղությունները։

Նշվում է, որ ՄԻՊ ներկայացուցիչների համար շարունակում է խիստ մտահոգիչ մնալ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում պարբերաբար բարձրացված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խնամքի հաստատություններում օրենքով չնախատեսված զսպման միջոցների կիրառման անթույլատրելի պրակտիկան, ստացիոնար սոմատիկ և հոգեբուժական օգնություն պահանջող դեպքերում վերջիններիս համապատասխան բժշկական հաստատություններում տեղավորելու և այնտեղ նրանց խնամքը պատշաճ կազմակերպելու, զբաղվածության ապահովման, հոգեբույժների խիստ անբավարար քանակի, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնամքի ապահովմանն առնչվող հարցերը և այլն:

ՄԻՊ-ի արձանագրած համակարգային լուծում պահանջող խնդիրների և դրանց լուծման առաջարկների նկատմամբ անհետևողական վերաբերմունքը, ինչպես նաևպատասխանատու մարմինների վերահսկողության բացակայությունը հանգեցրել են ստեղծված իրավիճակի։

ՄԻՊ-ը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, մասնավորապես, ստեղծված իրավիճակում նշված կենտրոնում պատասխանատու մարմինների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ:

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել, տնօրենը կալանավորվել է։ Փետրվարի 16-ին Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, հիվանդներից մեկը հայտնաբերվել է ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված: Տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն։