AM
21 Ապրիլ 2009 - 16:55 AMT

Ապրիլի 22-ին մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» հինգերորդ երաժշտական փառատոնը

Ապրիլի 22-ին Երեւանում մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» հինգերորդ երաժշտական միջազգային փառատոնը: Փառատոնը կբացի Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային պետական ակադեմիական թատրոնի նվագախումը Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
Հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը գլխավորում է փառատոնի գեղարվեստական խորհուրդը: Կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Երվանդ Երկանյանը, երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանը, Օպերայի եւ բալետի ազգային պետական ակադեմիական թատրոնի նվագախմբի դիրիժոր Կարեն Դուրգարյանը գեղխորհրդի անդամներ են: Փառատոնի հիմնադիրներն են Մարիամ Շահինյանը եւ Գարիկ Նազարյանը:
«Փառատոնի շրջանակներում կնշվի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյակը»,-հաղորդել է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը: Նրա խոսքերով, փառատոնի շրջանակներում տեղի կունենան նաեւ տարբեր պրեմիերաներ, կներկայացվի նոր «Երեւան» եռյակը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասել է. «Փառատոնում, մասնավորապես, կներկայացվեն իմ այն աշխատանքները, որ գրվել են տարիներ առաջ, սակայն դեռեւս երբեք չեն կատարվել Երեւանում»:
Փառատոնի շրջանակներում հանդես կգան Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային պետական ակադեմիական թատրոնի նվագախումը, Մեներգիչների պետական համույթը, «Երեւան» եռյակը, ինչպես նաեւ երաժիշտներ Մաքսիմ Նովիկովը (Ռուսաստան), Կոլին Յակոբսենը (ԱՄՆ), Կառլա Քիգլսթենը (ԱՄՆ):
Ինչպես եւ 2008թ., այս անգամ եւս փառատոնը կանցնի «Վիվասել-ՄՏՍ» ընկերության հովանավորությամբ, ինչպես նաեւ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: