AM
21 February 2023 - 12:38 AMT

Կանխվել է 1 մլրդ դրամի ոսկու ձուլակտորների ապօրինի տեղափոխումը ՌԴ-ից ՀՀ

Կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանք հանդիսացող ոսկյա ձուլակտորների՝ սահմանված կարգի խախտմամբ ՌԴ-ից ՀՀ տեղափոխման 3 դեպք, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Ձուլակտորների ընդհանուր քաշը 48․5 կգ է, արժեքը՝ 1 միլիարդ դրամ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» և Օպերատիվ հետախուզության բաժինների բաժնի աշխատակիցների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են Հայաստանի պետական սահմանով խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության դեպքեր։

Նշված բոլոր դեպքերով ՔՕ 292-րդ հոդվածով կազմվել են մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ միասին տրամադրվել նախաքննական մարմին: Փաստերի առթիվ ՔՕ 292-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն:

Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքները սահմանված են ՀՀ կառավարության (14․01․2021թ-ի թիվ N 35-Ն) որոշմամբ հաստատված ցանկով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի իմաստով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում 8 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: