AM
22 February 2023 - 06:29 AMT

Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է։

Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը նշել է, որ փաստաթուղթը ձեռքին է, բայց դեռ չի հասցրել ծանոթանալ։ Նա հավելել է, որ որոշմանը ծանոթանալուն պես՝ կտարծեն հայտարարություն, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ դատարանի դահլիճից Խաչատուրովն ազատ է արձակվել և գնում է տուն։

Դատարանի դիմաց հավաքվածները նրան ծափահարություններով են դիմավորել։

Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է նախօրեին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով։

Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։ Էդգար Արշակյանին այսօր կրկին մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։