AM
22 Փետրվար 2023 - 14:06 AMT

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար․ Չեմ տեսնում ոչ մի պատճառ ԼՂ-ում ապրող մարդկանց համար միջանցքը փակելու՝ դա կապ է ՀՀ հետ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Լյուքսեմբուրգը և եվրոպական գործընկերներն ադրբեջանական իշխանություններին կոչ են արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

«Չեմ տեսնում ոչ մի պատճառ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար միջանցքը փակելու։ Դա կապ է Հայաստանի հետ, և դա պետք է հարգել», – ասել է նախարարը։

Ինչ վերաբերում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ խաղաղության եռակողմ բանակցություններին՝ լյուքսեմբուրգցի նախարարն ասել է , թե դրանք կանգ են առել։

«Կցանկանայինք, որ դրանք շարունակվեն, որպեսզի կարողանանք ամուր և տևական խաղաղության համաձայնագրի հասնենք», – նշել է Ժան Ասելբորնը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են, վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։