AM
23 Փետրվար 2023 - 07:34 AMT

Աշոտյանը փաստաթուղթ է հրապարակել. Ասում է` Փաշինյանի ու Ալիևի բանակցածն է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել, որը, նրա խոսքով, բանակցվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, և որը նա «սկանդալային» է անվանել։

«Սկանդալային փաստաթուղթ։ Ինչպե՞ս են Նիկոլն ու Ալիևը միասին ֆռացնում մեզ։

Ի՞նչ մեխանիզմով է Նիկոլը վերջնականապես հանձնելու Արցախը։

Ի՞նչ են իրականում նրանք բանակցում մեր մեջքի հետևում»,-ասվում է գրառման մեջ։

Հրապարակված փաստաթղթում ի թիվս այլ դրույթների ասվում է, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում կլինի, դրույթ կլինի «Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության», Բաքվի և Ղարաբաղի «հայերի որոշված ներկայացուցիչների» միջև բանակցություններ կմեկնարկեն, Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցերի շուրջ Ադրբեջանն ու ԵՄ-ն «կոնսուլտացիաներ կիրականացնեն», ԵՄ-ն շփումներ կունենա Ղարաբաղի հայերի հետ «կամ տեղում, կամ տարածաշրջանում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 16-ի նիստում տեղեկացրել է, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և հայկական կողմի առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։ Առաջարկները փոխանցվել են նաև ԵԱՀԿ համանախագահող երկրներին։

«Առաջարկներ ասելով նկատի ունենք ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Մենք առաջնորդվել ենք մի այնպիսի փաստաթուղթ ստանալու տրամաբանությամբ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, որ այն պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանական կողմի համար»,-ասել է Փաշինյանը։